Դասընթացներ բրիտանացի մասնագետների կողմից Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում

27 փետրվարի, 2017թ, Երևան. Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի հյուրեր Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը, փետրվարի 20-ից 24-ը դասընթացներ են անցկացրել հայ ուսանողների և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար: Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

 





Քերոլայն Պիրեսը, ով տարիներ շարունակ աշխատել է վիզուալ էֆեկտների կերտման բնագավառում որպես դերասան, իսկ այնուհետև ղեկավար, դասընթացներ է անցկացրել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը: Նա Nerdero ընկերության տնօրենն է, որը ֆիլմարտադրողներին իրար կապակցող առցանց պլատֆորմ է: 

Սառա Մոսսեսը, ով ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ է և աշխատում է հիմնականում անկախ ֆիլմարտադրողների և տնօրենների հետ, դասընթացներ է անցկացրել ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին Հայ-Ռուսական համալսարանում: Նա ուսանողներին սովորեցրել է մարդու իրավունքներին նվիրված ֆիլմերի առաջխաղացման և մարքեթինգային պլան կազմելու հմտությունները: 

«Անչափ ուրախ ենք, որ փառատոնի շրջանակում տարեցտարի ընդլայնվում են դասընթացների շրջանակն ու բնույթը: Հուսով ենք, որ թվային տեխնոլոգիաները կաջակցեն հայ երիտասարդներին վիզուալ էֆեկտների կերտման և ֆիլմարտադրության ոլորտում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում յուրաքանչյուր տարի մենք ներկայացնում ենք ոչ միայն բրիտանական լավագույն կինոն, այլև հայ մասնագետների և ուսանողներին փոխանցում բրիտանացի մասնագետների փորձը: Այս տարի ևս փառատոնի կրթական բաղադրիչն առկա էր՝ հնարավորություն տալով հայ ուսանողներին ծանոթանալ կինոարտադրության վերջին միտումներին»,- ասաց Բրիտանական խորհրդի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Երևանում ֆիլմերը ցուցադրվել են փետրվարի 18-ից  24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։

 

27.02.17 | քաղաքականություն | աստղերը