Գործնական քայլեր՝ ուղղված ազգային երաժշտության և արվեստի պահպանմանը

 








 

ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «ՊրոԱրտ» ընկերության գործակցության արդյունքում ստեղծված և ավստրիական ճանաչված SONY DADC ընկերության գործարանում հրատարակված՝ «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմն իր պատվավոր տեղն է գտել Դիլիջանի ամենահին շինություններից մեկում: 19-րդ դարում այն իշխանուհի Մարիամ Թումանյանի համար ծառայել է որպես ամառանոց, իսկ խորհրդային տարիներից՝ ստանձնել է ժողովրդական արվեստի պահպանման առաքելությունը, հետագայում վերածվելով Ժողովրդական արվեստի կենտրոնի՝ Դիլիջանի մասնաճյուղ-թանգարանի: Այդ հարցում իր կարևոր ներդրում է ունեցել Վանից գաղթած, Դիլիջանի հին փողոցի նախագծման աշխատանքներին մասնակցած, վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, ում անունն էլ կրում է թանգարանը: Այսօր թանգարանը ստեղծագործական մտքերի քննարկման յուրօրինակ հավաքատեղի է դարձել Դիլիջանի ստեղծագործների համար: 

 

Ութ ձայնասկավառակից բաղկացած, թվայնացված «Հայկական ժողովրդական նվագարաններ» ալբոմը սերունդներին փոխանցվող ինքնատիպ ժառանգություն է: Այն դուդուկի, քանոնի, քամանչայի, թառի և ազգային երաժշտական ավելի քան 10 գործիքի համար գրված ստեղծագործությունների հավաքածու է:

Շուրջ 1000 օրինակով թողարկված ալբոմը ստեղծվել է Հայաստանի հանրային ռադիոյում պահպանվող ձայնագրությունների և մասնավոր հավաքածուների հիման վրա, ալբոմի ստեծմանը մասնակցել են Հայաստանի լավագույն դիզայներները, թարգմանիչները, հնչյունային ինժեներները, երաժշտագետները և մշակութային գործիչները, իսկ ստեղծագործությունները ներկայացնում են հայտնի կատարողները:

 

Թանգարանի ցուցադրությունների շունչն ու ոգին լրացնող ազգային երաժշտությունը, կնպաստի նաև հայկական նվագարանների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և մարզում մշակութային կյանքի աշխուժացմանը: Ալբոմը նախատեսված չէ վաճառքի համար և տրամադրվելու է ազգային երաժշտության տարածմանն աջակցող հաստատություններին:

 

«Մշակույթը յուրաքանչյուր ազգի հոգևոր նկարագիրն է: Ժամանակին համահունչ լինելով հանդերձ՝ անհրաժեշտ է հնարավորության սահմաններում մաքուր պահել ազգը սնող աղբյուրը: Որքան էլ անսպասելի հնչի՝ այդ հարցում անչափ մեծ է մարզերի դերը: Մեր այստեղ լինելը պատահական չէ. եթե ձեզ հաջողվել է աչքի լույսի պես պահել 19-րդ դարի այս շինությունը և այն վերածել թանգարանի, ուրեմն ազգային գործիքների համար թվայնացված ալբոմն իր արժանի տեղն է գտել: Ստեղծված ձայնասկավառակներն իրական արժեք են, և հույս ունեմ՝ կծառայեն ազգային երաժշտության և արվեստի պահպանման նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Հիշեցնենք, որ կողմերի գործակցության արդյունքում, նույն սկզբունքով ստեղծվել էին նաև «Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ֆոնդ», «Արամ Խաչատրյան-110», «Կոմիտաս-145» ալբոմները: Չորս ալբոմից կազմված թվայնացված ձայնասկավառակների հավաքածուն համալրել է Հանրային ռադիոյի ձայնադարանը: Գործակցող կողմերի որոշմամբ, թանգարանին նվիրվեցին թվարկված բոլոր ալբոմները: 

 

Մշակույթի զարգացմանն ուղղված՝ վերը նշված ծրագրերի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 89 մլն. դրամի սոցիալական ներդրում: 

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

* * *

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30.10.17 | քաղաքականություն