Գլորիա Կամպաներ. «Լավ է աշխատել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ումից կարող ես բան սովորել»

 





Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 26-ին կայացած սիմֆոնիկ համերգի առաջին մասում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և իտալացի դաշնակահարուհի Գլորիա Կամպաները ներկայացրին Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը, ստեղծագործություն, որ գրվել է 20-րդ դարի շեմին՝ 1900 թվականին, և առաջին անգամ կատարվել է հեղինակի կողմից Մոսկվայում 1901թ. հոկտեմբերի 27-ին։

 

Դաշնամուրի երկրորդ կոնցերտը համարվում է Ռախմանինովի ստեղծագործական կյանքի նոր փուլի սկիզբը։ Այս կոնցերտը դաշնամուրային գրականության ամենահայտնի ստեղծագործություններից է և աշխահի առաջատար դաշնակահարների երկացանկի մաս է կազմում։ Այն կատարել և ձայնագրել է ինքը` հեղինակը, հետագայում՝ Վլադիմիր Գորովեցը, Սվյատոսլավ Ռիխտերը, Արթուր Ռուբինշտեյնը, Դենիս Մացուևը, Բորիս Բերեզովսկին և այլք։ Հայ հանդիսատեսը խաչատրյանական փառատոնի շրջանակներում հնարավորություն ունեցավ ունկնդրելու երեք մասից բացկացած այս ստեղծագործությունն Իտալիայի նոր սերնդի լավագույն դաշնակահարներից մեկի` Գլորիա Կամպաների մեկնաբանմամբ։

Դաշնակահարուհին նշում է, որ Ռախմանինովի այս կոնցերտն առաջին գործերից է, որ ինքը նվագել է, երբ դեռ փոքր էր։ Մանկուց երազել է կատարել այն, և երազանքն իրականացել է 15 տարեկանում։ Սա դաշնակահարուհու և Երիտասարդական նվագախմբի առաջին համագործակցությունը չէ։ «Երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ենք ունեցել Բեյրութում՝ «Ալ Բուստան» փառատոնի ընթացքում: Կարող եմ փաստել, որ ընկերներիս հետ եմ նվագել, հիասքանչ երաժիշտներ են՝ լի դրական էներգիայով, դրականը հանդիսատեսի հետ կիսելու ցանկությամբ։ Լավ է աշխատել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ, ումից կարող ես բան սովորել»,- համերգից հետո խոստովանում է Գլորիա Կամպաները՝ ավելացնելով նաև, որ ինքը քաջատեղյակ էր Խաչատրյանի փառատոնի մասին մինչ մասնակցելու հրավեր ստանալը, և իր շատ ընկերներ ելույթ են ունեցել փառատոնի շրջանակում: Նշենք, որ Գլորիա Կամպաների կենսագրությունը ներառում է 20 առաջին մրցանակներ ազգային և միջազգային մրցույթներում: Նա ամենաբազմակողմանի երաժիշտներից մեկն է, որի հետաքրքրությունները կամերային երաժշտությունից հասնում են մինչև տանգո, մինչև բալետ ու ջազ։ 

Համերգային ծրագրի երկրորդ մասում շարունակվել է ռուսական լեյտմոտիվը. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ ներկայացրել է Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» ստեղծագործությունը՝ ոչ թե սյուիտային, այլ բալետի տարբերակը, որի նոտաները փառատոնի կազմակերպիչները մեծ դժվարությամբ են կարողացել գտնել։

Առաջիկայում Խաչատրյանի փառատոնն ունկնդրին կներկայացնի հետաքրքիր այլ համերգային ծրագրեր՝ բարձրակարգ մենակատարների մասնակցությամբ։ Փառատոնի առաջիկա համերգների մասին մանրամասներ կարող եք գտնել https://www.khachaturianfestival.com/ կայքում։ 

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ 

 

 

27.10.17 | քաղաքականություն