Գեղարքունիքում հնդկացորեն աճեցրած գյուղացիները փաստի առաջ են կանգնել. վերամշակման գործարանը դեռևս չի աշխատում. «Հետք»

Գեղարքունիքի մարզում հնդկացորենի այս տարվա բերքահավաքի շրջանն ավարտվել է։ Սակայն ինչպես նախորդ տարվա, այս տարվա բերքն էլ առայժմ ամբարներում է։ Ծովագյուղի հնդկացորենի վերամշակման գործարանը գազաֆիկացված չլինելու պատճառով չի աշխատում։ Հնդկացորենի բերք ստացած գյուղացիներն էլ փաստի առաջ են կանգնել. երկար սպասելու պարագայում, լավագույն դեպքում, բերքը կարող է կորցնել որակական հատկանիշները։  

 





«Գործարանի դռներն այս պահին փակ են։ Սպասում ենք գազաֆիկացմանը։ Թե երբ կլինի, չեմ կարող ասել։ «Գազպրոմ-Արմենիա»-ն խոստացել է լուծել գազաֆիկացման հարցը։ Կառավարությունը ևս տեղյակ է խնդրին։ Մարդիկ ստացել են բերքը, սպասում են։ Մենք գործարանի գազաֆիկացման հարցը բարձրացրել ենք Գյուղատնտեսության նախարարությունում, իրենք էլ՝ Կառավարությունում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի հնդկացորենի վերամշակման գործարանի տնօրեն Արտաշես Խալաֆյանը։ Ավելի ուշ նա հավելեց, որ որոշակի աշխատանքներ՝ խողովոկաշարերի հետ կապված, տարվել են, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ երբ գործարանը կսկսի աշխատել։ Ա. Խալաֆյանը հույս ունի, որ աշխատանքների մեկնարկը շատ չի ուշանա։

 

 

Ծովագյուղի հնդկացորենի վերմշակման գործարանը

 

Ըստ Ա. Խալաֆյանի՝ մոտավոր հաշվարկներով միայն Գեղարքունիքի մարզում այս տարի հնդկացորենի բերքը կազմել է  400-500 տոննա, 300-400 տոննա էլ նախորդ տարվա բերքն է։ «Եթե գործարանը սկսի աշխատել, հզորությունները թույլ կտան, որ ամբողջ բերքը վերամշակենք։ Նախորդ տարվա բերքը դեռևս չի կարելի անպիտան համարել, այն կարելի է վերամշակել այս տարի՝ միայն եթե գործարանի հարցը լուծվի»,- նշեց Ա. Խալաֆյանը։

 

Ծովագյուղի գործարանը նախորդ տարի միայն փորձնական վերամշակում է կատարել տարբեր եղանակներով, սակայն այստեղի մասնագետները համարում են, որ առանց գազի սպառողի պահանջներին համապատասխան հնդկաձավար չեն կարող ստանալ։  Այս պահին կուտակվել է գյուղացիների թե՛ նախորդ տարվա, թե՛ այս տարվա բերքը։

 

Հնդկացորենի աճեցման ու վերամշակման ծրագիրը Հայաստանում իրականացվում է  2015 թվականից՝ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակներում՝  Եվրոպական միության ու  Ավստրիական զարգացման գործակալությունների կողմից։ Սկզբում ֆինանսավորվել է գործարանների կառուցումն ու հնդկացորենի սերմի ձեռքբերումը։ Իսկ երկրորդ տարվանից գյուղացիներն իրենց միջոցներով են շարունակել հնդկացորենի մշակումը։ Հնդկացորեն սկսել են աճեցնել հիմնականում Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում։ Զուգահեռաբար  կառուցվել են վերամշակման երկու գործարանները, որոնցից մեկը Շիրակի մարզի Բավրա համայնքում է, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում։

 

Մեր տեղեկություններով՝ երկու գործարաններն էլ, բացի չգազաֆիկացված լինելուց նաև տեխնիկական խնդիրներ ունեն. գործարանների սարքավորումները ոչ բարձր որակի են։ Դրանք ներկրվել են Ուկրաինայից և ունեն բազմաթիվ թերություններ։

 

Ավելի վաղ Ա. Խալաֆյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հնդկացորեն աճեցրած գյուղացիները բողոքում են, որ երբ իրենք սկսել են հնդկացորեն աճեցնել, ներմուծողները նվազեցրել են հնդկացորենի (հնդկաձավարի) գինը: Հնդկացորեն աճեցնողները մտահոգություն էին հայտնել, որ վերամշակումից հետո ցածր գնով վաճառքը կարող է ոչ շահավետ լինել։ Սակայն, ինչպես երևում է, հարցը ներմուծողների հետ մրցակցությանը չի էլ հասնում։

 

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց է կատարել Ծովագյուղ համայնք, որտեղ դիտարկել է հնդկացորենի բերքահավաքի աշխատանքները: Օրեր առաջ մեր կատարած հարցմանը՝ արդյոք մարզպետարանը որևէ գործառույթ ստանձնե՞լ է Ծովագյուղի հնդկացորենի վերամշակման գործարանը գազաֆիկացնելու հարցը լուծելու համար, մարզպետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը նշեց, որ այս հարցում մարզպետարանը գործառույթ չունի և որևէ դիմում  չի ստացել։

 

Իսկ Բավրայում գտնվող հնդկացորենի վերամշակման գործարանն այս տարվա հուլիսին պաշտոնապես գործարկվեց։ Գործարանի ներկա վիճակին ու աշխատանքներին Շիրակի մարզի մեր թղթակիցը կանդրադառնա առաջիկայում։

 

 

31.10.17 | քաղաքականություն