Գեղասահորդ Իրինա Սլուցկայան վարպետության դաս է անցկացրել Ռոդնինայի անվան մարզադպրոցում

ՀԱՕԿ. Գրեթե երկու ժամ սառույցի վրա. Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ռուս գեղասահորդ Իրինա Սլուցկայան վարպետության դաս անցկացրեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում։ Սլուցկայան 50 պատանիների հետ մարզվեց, նրանց փոխանցեց մասնագիտական գաղտնիքներ ու սովորեցրեց նոր շարժումներ.

 





«Երկար ժամանակ չէ, որ երեխաները սահում են։ Բայց արդյունքներն արդեն երեւում են։ Մի քանի երեխաներ ինձ զարմացրին։ Բոլորը փորձում էին, մի մասի մոտ ստացվեց, մյուսների մոտ՝ ոչ։ Նրանց ասացի՝ ինչպես ավելի ճիշտ կարող են կատարել շարժումները։ Բավականին երիտասարդ եւ հեռանկարային մարզիչներ են աշխատում։ Դա հիանալի է, այնպես որ լավ արդյունքներ եմ սպասում»,- ասաց Իրինա Սլուցկայան։

 

Ռուս գեղասահորդը Հայաստանում է «Կալիբրի» ընկերության հրավերով։ «Կալիբրին» պատրաստում է գեղասահքի առաջին հայկական շոու-ծրագիրը, որի գլխավոր հերոսներից է Իրինա Սլուցկայան.

 

«Ախթամար» , այսպես է կոչվում շոու-ծրագիրը, որի պրեմիերան կլինի հաջորդ տարի նոյեմբերին։ Հատուկ Իրինայի համար սցենարական փոփոխություններ ենք կատարել։ Ավելացրել ենք Անահիտ աստվածուհու կերպարը։ Իրինան մեծ պրոֆեսիոնալ է, դրական մարդ եւ լավ մայր։ Նա սիրով համաձայնել է մասնակցել։ Ծրագրում ընդգրկված են լավագույն գեղասահորդներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ Հայաստանից։ Շատերի անուններն անակնկալ կլինի։ Այս ամենն անում ենք պրոդյուսեր Արի Զաքարյանի հետ համատեղ»,- ասաց «Կալիբրիի» հիմնադիր Զառա Մխեյանը։

 

Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում շոուի մասնակիցները յուրաքանչյուր ամիս վարպետության դաս կունենան մարզադպրոցում։ Նպատակն է՝ նպաստել Հայաստանում գեղասահքի զարգացմանը։

09.12.17 | քաղաքականություն