Բաղմանյանից ազատվելու պատճառը. Սերժ Սարգսյանը սկսեց ծրագիրը

Հայկազ Բաղմանյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու Սերժ Սարգսյանի որոշումը դարձավ հանրային միանգամայն սպասելի լայն ուշադրության առարկա, դիտարկվելով գերազանցապես ներքաղաքական կամ ներհամակարգային հարաբերությունների համատեքստում: Ուշադրությանն առավել նպաստեց եւ այն, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, փաստացի, որ ինքն է հեռացրել Բաղմանյանին:

 

Այսինքն, Վիգեն Սարգսյանի հայտարարությունը նշանակում էր, որ որոշում կայացնողը իհարկե եղել է Սերժ Սարգսյանը, բայց նախաձեռնությունը եկել է Վիգեն Սարգսյանից: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայկազ Բաղմանյանը մեղմ ասած պատահական մարդ չէր թե զինված ուժերի համակարգում, թե իշխող համակարգում ընդհանրապես, նրան հեռացնելու նախաձեռնությունը ստանում է բավականին շոշափելի քաղաքական կշիռ, ընդ որում այնպիսին, որը թերեւս կարող է լինել առավել տարողունակ, քան զուտ Հայաստանի ներքաղաքական կամ ներհամակարգային հարաբերությունները:

Ընդ որում, այդ տեսանկյունից, ի դեպ, շատերը նկատեցին կամ հիշատակեցին Հայկազ Բաղմանյանի կապը Սերժ Սարգսյանի հետ, նրա վստահելի անձանցից մեկը կամ մարտական ընկերը լինելու հանգամանքը: Եթե խնդիրը լիներ զուտ ներհամակարգային, ապա այդ հանգամանքը գուցե կատարեր էական նշանակություն, Սարգսյանը չընդառաջեր Վիգեն Սարգսյանի նախաձեռնությանը եւ նախընտրեր պարզապես կոնֆլիկտը հարթելու տարբերակը: Դա նրա համար անհնար տարբերակ չէր:

Սակայն, իրականության սահմանը գուցե առավել լայն է, ինչն էլ երկրորդ պլան է մղում Սերժ Սարգսյանի եւ Հայկազ Բաղմանյանի անձնական հարաբերությունը եւ կենսագրությունը: Բանն այն է, որ կա ժամանակ, երբ այդ ամենն օգնում է պահել իշխանությունը, նպաստում է քաղաքական պլաններին, եւ կա ժամանակ՝ երբ լիովին հակառակն է, եւ այդօրինակ անձնական «շրջանակը» սկսում է խանգարել:

Դա այն իրավիճակն է, երբ էապես սպառվում են ներքին ռեսուրսներն, ու իշխանության եւ պետական անվտանգության խնդիրների հարցում առաջանում է արտաքին քաղաքական աջակցության շոշափելիորեն ավելի մեծ անհրաժեշտություն: Եվ դրա հետ զուգահեռ, նաեւ ընդհանրապես աճում է արտաքին քաղաքական իրականության ֆոնային ազդեցությունը ներքին գործընթացների եւ պլանների վրա:

Հայաստանը ներկայում գտնվում է այդ շրջափուլում, սահմանը բավական լայնացել է նաեւ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումով: Ձեւավորվել է նոր իրավիճակ, երբ Հայաստանը գործնականում աշխարհքաղաքական կոնսենսուսի նկատելի տարրերով վերածվում է այսպես ասած «ապառազմականացված գոտու», այսինքն գոտու, որտեղ փոխադարձ պայմանավորվածությամբ ուժային կենտրոնները փորձում են անջատել կոշտ դիմակայության ռեժիմը: Ընդ որում, այդ կոնսենսուսին էապես նպաստել է հենց հայկական զինուժը՝ ապրիլյան պատերազմում պահելով Հայաստանն ու Արցախը եւ հենց դրանով ուժային կենտրոններին բերելով եզրակացության, որ Հայաստանը կարող է դառնալ աշխարհքաղաքականության «ապառազմականացված» գոտին:

Գործնականում, այդպիսի գոտու առկայությունը կենսական է նոր աշխարհակարգի ձեւավորման համար: Ձեւավորման գործընթացը տեղի է ունենում սառը եւ տաք պատերազմների ուղեկցությամբ, միեւնույն ժամանակ սակայն աներկբա է, որ նոր աշխարհակարգը չի կարող կառուցվել այդ պատերազմների եւ ուժային առանցքային կենտրոնների սառը կամ տաք բախման վրա: Դա կարող է լինել գործընթացը, հարաբերությունների եւ կանոնների ճշգրտման ընթացքը, սակայն բուն աշխարհակարգը կարող է ձեւավորված համարվել միայն ուժային կենտրոնների միջեւ հարաբերակցության եւ խաղաղ գոյակցության որոշակի ռեժիմի, փոխհարաբերության պայմաններում:

Ըստ այդմ, կենսական է դառնում թեժ գործընթացում այդ հարաբերակցության «մոդելավորման» գոտիների անհրաժեշտությունը, եւ թերեւս կա նախադրյալ եզրակացնելու, որ Հայաստանը ուժային կենտրոնների շրջանում դիտարկվում է հենց այդ կարգավիճակում:

Խնդիրն այստեղ այն է, հատկապես քաղաքական հակամարտության դե յուրե առկայության պայմաններում, որ Հայաստանի այդ կարգավիճակի հարցում առանցքային է դառնում հայկական զինուժի կարողունակությունը, որակը, ինչպես որ առանցքային է եղել Հայաստանի այդ կարգավիճակի ձեռքբերման հարցում զինուժի ապրիլյան դիմադրությունը:

Ձեւավորելով կամ բերելով ուժային կենտրոններին Հայաստանի հարցում կոնսենսուսի, հայկական զինուժը ստիպված է պահել թե Հայաստանի սահմանը, թե նաեւ Հայաստանի կոնսենսուսային այդ կարգավիճակը: Իսկ դա պահանջում է որակական անընդհատ աճ եւ արդիականացում, քանի որ աշխարհքաղաքական կոնսենսուսային կարգավիճակը ոչ թե երկրային դրախտ է, այլ առաջին հերթին չափազանց մեծ պատասխանատվություն: Ընդ որում, աներկբա է, որ այստեղ Հայաստանից պահանջվում է ոչ միայն զինուժի, այլ նաեւ ընդհանրապես պետական համակարգի արդիականացում:

Տվյալ պարագայում սակայն, տեղի ունեցած ներքին թվում է զուտ ներհամակարգային հարաբերություններով թելադրված փոփոխությունը գործնականում իր վրա կրում է աշխարհքաղաքական ավելի լայն պատասխանատվության կնիքը, որից խուսափել Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի կարող, այլ թերեւս չի էլ փորձի, բավական հստակ գիտակցելով պատասխանատու կարգավիճակի տապալման լրջագույն հետեւանքը հենց իր համար:

Այդ տեսանկյունից, Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը նշանային քայլ է ավելի լայն համատեքստում: Բանակի արդիականացման յոթամյա ծրագրի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը լոկ քարոզչական ներքին պահանջի բավարարում չէր, առավել եւս, որ հազիվ թե ներսում որեւէ մեկն այլեւս տրվի այդօրինակ քարոզչական հնարքների: Հայկական բանակի արդիականացումը գործնականում աշխարհքաղաքական պահանջմունք է, եւ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությամբ արձագանքել է հենց այդ պահանջմունքին, որի ցցուն քայլերից մեկն էլ դառնում է Բաղմանյանի հեռացումը բանակից:

Խնդիրն անշուշտ Բաղմանյանը չէ, նա պարզապես իրենով խորհրդանշում է մի ամբողջ շերտ, որը հայկական զինուժում պետք է ֆիլտրվի աստիճանաբար, բերելով նոր մտածողության եւ ռազմա-քաղաքական պատրաստվածության: Ընդ որում, խնդիրը լավ ու վատ շերտերի բաժանումը չէ, այլ շերտերի, որոնք կատարել են իրենց դերը եւ պետք է հեռանան, եւ որոնք դեր ունեն ու պետք է ամրանան բանակում: Իհարկե, գլխավոր հարցը այդ նոր շերտի ձեւավորումն է, որը դեռեւս չունի շոշափելի ուրվագիծ եւ առավելապես անհատականացված է Վիգեն Սարգսյանի նկարագրով, այն էլ գերազանցապես Սերժ Սարգսյանի պլանների համատեքստում:

 

lragir.am

 

 

 

 

 

06.12.17 | քաղաքականություն | քաղաքականություն