Արտաշես Ներսիսյան. Հույս չունեինք, որ Սոնա Պողոսյանը մեդալ կնվաճի

19.04.17 - սպորտ

Հույս չունեինք, որ Սոնա Պողոսյանը մեդալ կնվաճի: Մենք կանխատեսում էինք չորրորդ տեղ, բայց հաջողությունը ժպտաց մեր մարզուհուն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ընթացող ծանրամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար բրոնզե մեդալ է նվաճել Սոնա Պողոսյանը: 75 կգ քաշայինների պայքարում նա երկամարտում հավաքել է 227 կգ (101+126):

Պարոն Ներսիսյանը, ինչպե՞ս կգնահատեք Սոնայի մասնակցությունը: Մեդալ ակնկալո՞ւմ էիք:

Մեկ անգամ էլ թող հայի բախտը բերի, ի՞նչ կլինի որ, անպայման պետք է կռիվ տալով մեդալ նվաճենք… Սա, իհարկե, որպես կատակ, բայց իրականում մենք Սոնա Պողոսյանից մեդալի ակնկալիք չունեինք: Գիտեինք՝ ովքեր են մասնակիցերը, ով, ինչի է ընդունակ: Այստեղ գալուց էլ գիտեինք, որ մեր իսկական տեղը չորրորդն է, լավագույն դեպքում մեր մրցակիցների վրիպելու դեպքում միայն մեդալ կունենանք: Եվ այդպես էլ եղավ: Ֆավորիտներից մեկը 0 ստացավ:

Օլիմպիական խաղերից հետո շատ փոփոխություններ կան, շատ ուժեղ մարզուհիներ բացակայում են, կիլոգրամները նվազել են, այդքան էլ մեծ ու լարված պայքար չի գնում, արդյունքների տարբերությունը շատ է: Օրինակ՝ այս քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը բարձրացրել է 125 կգ պոկում, 155-160 կգ հրում: Մեր աղջիկներն ավելի ուժեղ են եղել նախկինում: Օրինակ՝ Մելինե Դալուզյանը 18 տարեկանում արդեն աշխարհի մրցանակակիր էր, 19 տարեկանում արդեն աշխարհի ռեկորդակիր էր: 69 կգ-ում Նազիկ Ավդալյանը 147 կգ էր բարձրացնում, այսօր 135-ով Եվրոպայի չեմպիոն են դառնում: Այնպես որ այս Եվրոպայի առաջնությունում կիլոգրամներն ավելի համեստ են, պայքարը՝ նույնպես:

Հրում վարժության վերջին մոտեցումը ձախողեց Սոնան, ի՞նչն էր պատճառը:

Սոնան չկարողացավ 128 կգ հրումը կատարել: Կարծում եմ՝ մեդալ նվաճելուն հոգեբանորեն պատրաստ չլինելն էր: Մեր մարզուհին քաշի հետ կապված մի փոքր խնդիր ուներ: Նա նաեւ անձնական քաշի խնդիր ուներ՝ քաշ էր գցել:  Մարզումների ժամանակ 128 կգ բարձրացրել էր: Բայց վերջին մոտեցման նա դուրս եկավ չափազանց հանգիստ, վստահ լինելով, որ իր առջեւ դրված խնդիրը՝ չորրորդ տեղն ինքն ապահովել է, եւ նա դուրս չի գալիս պայքարի մեդալի համար: Կարծում եմ՝ հենց այդ հանգստությունը նրան խանգարեց: Ես համոզված եմ, եթե Սոնան հասկանար, որ այդ մոտեցումով պայքարում է մեդալի համար, նա կբարձրացներ 128 կգ-ն:

Պարգեւատրության ժամանակ բոլոր մեդալակիրներն իրենց  երկրների դրոշներով էին, բացի Սոնա Պողոսյանից:

Մենք չէին կարծում, որ Սոնա Պողոսյանը երրորդ տեղ կզբաղեցնի, մեդալ կվերցնի, այդ պատճառով դրոշ չկար: Բայց իրականում դրոշն այդքան էլ կարեւոր չէ. կարեւորը՝ մեդալով ենք վերադառնալու Հայաստան: Դրոշ չունեինք, բայց մենք էլ գերբ ունեինք Սոնայի կրծքին:

Սա Սոնա Պողոսյանի առաջին մեդալն էր մեծահասակների կազմում: Օլիմպիական բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը լավ փոխարինող ունի՞:

Միանշանակ, այո: Սոնա Պողոսյանը Եվրոպայի ապագա չեմպիոն է, Հռիփսիմե Խուրշուդյանի նման այս քաշային կարգում նա եւս կարող է մեծ հաջողություններ ունենալ, եթե ամեն ինչ նորմալ լինի, շարունակի նույն ոգով մարզվել, վիճակը կայուն լինի: Սոնան խոստումնալից մարզուհի է:

Լուսինե Շահբազյան

19.04.17 | սպորտ | սպորտ