Արտագնա աշխատանքի մեկնողները Հայաստան են բերում նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Արտագնա աշխատանքը` խոպանը, ոչ միայն դրամական միջոցներ է բերում հանրապետություն, այլև ՄԻԱՀ/ՁԻԱՀ: Պատահական չէ, որ ամենաշատ ՄԻԱՀ/ՁԻԱՀ վարակակիրները գրանցվել են Շիրակի, Լոռու, ապա` Գեղարքունիքի մարզերում, որտեղից ամենաշատն են արտագնա աշխատանքի մեկնում:

Այսպես. ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկման բաժնի բժիշկ Վարդան Արզաքանյանի` պատճառը աշխատանքային միգրացիան է դեպի Ռուսաստան, որտեղ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածվածությունը մոտ 4-4,5 անգամ շատ է:

«Միգրացիոն գործակիցը մեր ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակի դեպքերի վրա, կարող եմ ասել, որ 70 տոկոսն ուղղակի կապ ունի հենց միգրացիոն գործոնի հետ: Այսինքն` մոտ 57 տոկոսը հենց այն մարդիկ են, որոնք վարակվել են արտերկրում, իսկ 13 տոկոսը նրանց զուգընկերներն են, կանայք կամ մշտական այլ զուգընկերներ»:

Գեղարքունիքի մարզում, որտեղ կա գրանցված 168 ՄԻԱՎ-ՁիԱՀ վարակակիր, դեպքերն առավել շատ են Մարտունու տարածաշրջանում` Գավառի որոշ մասում, Վարդենիսի, որոնք միգրացիոն տեսանկյունից ավելի շատ են մեկնում:

«Իրական աշխարհ` իրական մարդիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն էլ նշեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 1988 թվականին: Այսօր Հայաստանում կա 2279 ՄԻԱՎ-ՁԻԱՀ ախտորոշում ստացած ՀՀ քաղաքացի: Կա 42 դեպք երեխաների շրջանում, իսկ հիվանդներից 510-ն արդեն մահացել են:

Վարակակիրների 69 տոկոսը 25-39 տարեկան տարիքային խմբին են պատկանում, իսկ հիվանդությունը, հիմնականում, փոխանցվել է հետերոսեքսուալ ուղով: Երկրորդ տեղում է թմրանյութի ներերակային սրսկման ուղին:

17.03.16 | հասարակություն