Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաև Գավառի նստավայրում:

 








Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Գեղարքունիքի մարզային բաժնի խնդիրներին, ծառայողների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության Գերղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներն ու հարցադրումները:

 Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի համար ալիմենտի բռնագանձման, տեսակցությունների և երեխայի՝ մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը՝ հանձնարարելով խիստ ուշադիր ու հետևողական լինել կատարողական գործողությունների իրակացման ընթացքում: «Մենք պարտավոր ենք օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին և կատարողական վարույթներն իրականացնել օրենքով սահմանված ժամկետում՝ խստորեն պահպանելով օրենքի տառը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարը շեշտել է Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձր կարգապահությունը՝ նշելով, որ դա աշխատանքի արդյունավետության ապահովման առանցքային նախադրյալ է։

 

25.02.17 | քաղաքականություն