Արմեն Գյոզալյան. Հուսով եմ, որ Էդգար Ստեփանյանին կհաջողվի մասնակցել աշխարհի առաջնությանը

Հայաստանի հավաքականի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հոկտեմբերի 18-22-ն առաջին անգամ մասնակցել է հեծանվահրապարակի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի խոսքով Էդգարի նորամուտը հաջող է ստացվել: Նա նաեւ կարողացել է բարելավել արդյունքը 4 կմ հետապնդումով վազք մրցաձեւում.

 

«Գոհ եմ Էդգարի մասնակցությունից: Միշտ ասել եմ՝ նա բնավորությամբ մարտիկ է, մինչեւ վերջ պայքարող: Եվրոպայի առաջնությունում Ստեփանյանը վաստակել է 245 միավոր եւ վարկանիշային աղյուսակում ավելի քան 20 կետով բարելավել դիրքը: Ներկայումս նա 68-րդն է:

 

Մի քանի օր հետո Էդգար Ստեփանյանը Վարշավայում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Նա պետք է միավորներ վաստակի, որպեսզի 2018 թ. աշխարհի առաջնությունում հանդես գալու իրավունք ստանա: Հույս ունեմ՝ կհաջողվի, հետո էլ կպայքարի օլիմպիական խաղերի ուղեգրի համար»,- ասաց Արմեն Գյոզալյանը:  

 

Հայ հեծանվորդը Լեհաստան կմեկնի հոկտոմբերի 30-ին: Աշխարհի գավաթի խաղարկությունում նա հանդես կգա երկու մրցաձեւում՝ սկրեչ եւ խմբակային վազք: Գյոզալյանը նշեց, որ մինչեւ տարվա վերջ նախատեսում են մասնակցել եւս մեկ միջազգային մրցաշարի, որտեղ Էդգարը կարող է միավորներ վաստակել:

 

ՀԱՕԿ

25.10.17 | քաղաքականություն | սպորտ ֆուտբոլ