Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և նախարարությունը գործում են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ

 

 

 

ՀՀ արդարադատության նախարարը և նախարարությունը դիտավորությա՞մբ են գործում հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ, թե՞ առանց դիտավորության, գիտակցելո՞վ են գործում, թե՞ առանց գիտակցելու` սա խնդրի երկրորդ կողմն է և այս դեպքում, թերևս, ոչ այնքան էական, քանի որ արդյունքը, հետևանքը, բոլոր դեպքերում նույնն է լինելու:

Արդարադատության նախարարությունը, կառավարություն ներկայացնելուց առաջ, նախարարության կայքում արդեն հրապարակել է իր մշակած, այնուհետև հասարակական մեծ բողոքից, ընդվզումից հետո լրամշակած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, այն ներկայացրել հանրային քննարկման:

Նախ նշենք, որ վերոնշյալ նախագիծը հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող հարցերում ձևական լրամշակումից հետո գրեթե չի տարբերվում նույն նախարարության կողմից դեռ նախորդ նախարար Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարության օրոք ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված նույն օրենքի նախագծից: Չնայած օրենքի նախագծի ընդդիմախոսների մասնակցությամբ շուրջ 1 տարի առաջ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը և վերջինիս խոստմանը, որ նախագծի ընդդիմախոսների մտահոգությունները, դիտողությունները, առաջարկները հաշվի կառնեն, դրանք նախագծի նոր տարբերակում փաստորեն հաշվի առնված չեն:

Ավելին. օրենքի ներկայիս նախագիծը հասարակական մեծ վտանգավորություն ներկայացնող դրույթների առումով շատ բանով չի տարբերվում նաև հասարակական վեց կազմակերպության կողմից տարիներ առաջ մշակված, ՀՀ Ազգային ժողով, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծից: Ազգային ժողովը նշված նախագիծն ընդունելու հասարակական կազմակերպությունների առաջարկն այն ժամանակ մերժեց, իսկ հիշյալ նախարարությունը 2013թ. իր կայքում նշված օրենքի նախագիծը հրապարակելուց ու նախագծի դեմ հասարակական մեծ բողոքից որոշ ժամանակ հետո այն պարզապես թաքցրեց, անհասանելի դարձրեց կայքի որոնման համակարգի համար:

Կարծում ենք, այդ օրենքի նախագծի մասին շատ բան է հուշում այն մշակած ու վերոնշյալ մարմիններին ներկայացրած հասարակական կազմակերպությունների ցանկը` «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Հասարակություն առանց բռնության», «Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք», «Կանանց ռեսուրսային կենտրոն», ինչպես նաև այն իրողության բացահայտումը, որ նշված կազմակերպություններից վերջին երեքը բացահայտորեն քարոզում են միասեռականություն, պաշտպանում նրանց իրավունքները, հանդես գալիս այլասերվածության քարոզչության և միասեռականների իրավունքները, այդ թվում նաև այլասերվածության քարոզչության իրավունքը Հայաստանի օրենսդրության մեջ ամրագրելու դիրքերից: Այսպիսով  նրանցից վերջինները գործում են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ, իսկ իշխանության համապատասխան մարմինները հիշյալ կազմակերպություններին զսպելու և օրենսդրության ոլորտում հակաքայլեր կատարելու առումով կարծես նենգադուլ են հայտարարել, համենայն դեպս, փաստն այն է, որ դրսևորում են բացահայտ անգործություն:

Հիշյալ ՀԿ-ների մշակած և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծում որպես ընտանիքի անդամներ էին ներկայացված նաև զուգընկերները, իսկ «զուգընկեր» եզրույթը ձևակերպված էր որպես միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունեցող անձինք, ինչը նշանակում է, որ զուգընկերներ էին համարվում նաև միասեռականները, քանի որ նրանք նույնպես կարող են միմյանց հետ պարբերական սեռական հարաբերություն ունենալ:

Օրենքի ներկայիս նախագծի 4-րդ հոդվածում («Օրենքի հիմնական հասկացությունները») սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացությունների թվում նշված է նաև «ամուսին» հասկացությունը` հետևյալ բացատրությամբ կամ սահմանմամբ. «ամուսին՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք»: Պա-հո՜…

Դեռ մի կողմ թողնենք այն փաստը, որ տվյալ օրենքի խոտան նախագծում առկա բազմաթիվ սխալներից մեկն էլ այն է, որ եթե վերջում գրված է «անձինք», ապա հասկացությունը պետք է ձևակերպվեր ոչ թե «ամուսին», այլ «ամուսիններ», այսինքն՝ գոյականների թվի (եզակի և հոգնակի) անհամապատասխանություն կա: Մեր ուշադրությունը բևեռենք ավելի կարևոր իրողությունների վրա: Այսպիսով սույն օրենքի իմաստով ամուսիններ են նաև՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նույնասեռ անձինք, քանի որ չի գրված՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տարասեռ անձինք: ՀՀ արդարադատության նախարարը կամ որևէ մեկը կարո՞ղ են ասել, թե ՀՀ օրենսդրությամբ սահմանված են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց սեռերը, և այդ սահմանման համաձայն, նրանք նույնասեռ չեն կարող լինել: 

Այն տպավորությունն է ստացվում, որ ՀՀ իշխանությունները մտադիր են առաջիկայում օրինականացնել միասեռականների ամուսնությունները, հետևաբար տվյալ օրենքի նախագծում խնդրո առարկա հասկացությունն այնպես են մեկնաբանել կամ սահմանել, որ դրա իմաստային շրջանակում տեղավորվեն նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նույնասեռ անձինք: Կամ էլ՝ քանի որ տվյալ օրենքի նախագիծը Եվրամիությունից տրված պատվերի կամ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի բառացի ասած «տնային աշխատանքի» արտահայտությունն է, ուրեմն այդ նույն կառույցից պահանջել են նախագիծն այնպես շարադրել, որ ընտանեկան բռնությունից հատուկ օրենքով պաշտպանություն նախատեսվի ոչ միայն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տարասեռ, այլև նույնասեռ անձինք: Որպեսզի ստիպված չլինենք այս հետևությունը կատարել, բավական է միայն, որ իբրև օրենքի նախագծի մշակող հանդես եկող արդարադատության նախարարությունը նախագծի 4-րդ հոդվածում «ամուսին» հասկացության փոխարեն գրելով «ամուսիններ», այն մեկնաբանի կամ սահմանի հետևյալ ձևակերպմամբ. «ամուսիններ՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, ինչպես նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տարասեռ անձինք»: Կանի՞ արդյոք նշված խմբագրումը…

Բացառված չէ, ավելին` շատ հավանական է, որ ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված, նշված նախարարության կողմից Ազգային ժողով ներկայացված և առաջ մղվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի ետևում նույնպես, սակայն այս անգամ ոչ թե պաշտոնապես, այլ փաստացի, ամբողջությամբ կամ մասամբ կանգնած են նշված նախագծից վտանգավոր դրույթների առումով  գրեթե չտարբերվող «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակած վերոնշյալ հասարակական կազմակերպությունները: Թերևս այդ մասին է հուշում նաև վերոնշյալ բոլոր վեց, ինչպես նաև մի քանի այլ կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին օրերս ուղղված հրապարակային կոչը, որպեսզի նա հենց այս` «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանրությանը «պուպուշ» և անվտանգ ներկայացնի, ինչին էլ նախարարը Մատենադարանի նոր մասնաշենքում հոկտեմբերի 9-ի հանրային քննարկումը կազմակերպելով, փաստորեն ընդառաջել էր:

Շատ ուշագրավ, միաժամանակ, կարծում ենք, բնութագրական է, որ ինչպես շրջանառությունից հանված «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, այնպես էլ դրանից գրեթե չտարբերվող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ներկայիս խայտառակ ու հրեշավոր նախագիծը արտաքուստ ընտանեկան բռնության կանխարգելման նպատակ հետապնդելով, իրենց սուր սլաքով նույնպես ուղղված են հայ ընտանիքի, հասարակության, մեր հասարակական և ազգային անվտանգության դեմ:

Օրենքի նախագիծն այդպիսին է մի շարք պատճառներով, իր բազմաթիվ անորոշ, խնդրահարույց, հակասական, չարաշահումների, կոռուպցիայի կամ կամայականությունների հնարավորություն ընձեռող ձևակերպումներով, ինչպես նաև ուղղակիորեն վտանգավոր դրույթներով: Դրանց թվում նաև այն պատճառով, որ 3-րդ հոդվածում («Ընտանեկան բռնությունը և դրա տեսակները») որպես ընտանեկան բռնության տեսակներ, նշված են նաև ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական բռնություններն այնպիսի մեկնաբանություններով, որոնք հանգեցնելու են ընտանիքից, օրինակ, երեխային, կնոջը թեկուզ իր համաձայնությամբ, բայց առանց հայաստանյան հասարակության ընկալման տեսանկյունից լուրջ պատճառների, մինչև 9 ամսով (հետագայում նույն գործողությունը մինչև 9 ամիս ժամկետով դարձյալ կարող է կրկնվել) անհայտ վայրում գտնվող ապաստարան տանելուն:

Խնդրո առարկա մեկնաբանությունները հանգեցնելու են նաև՝ ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած կամ ընտանեկան բռնություն գործադրած անձից նրա կնոջը կամ (և) երեխային (երեխաներին) մեկուսացնելուն, նրան (նրանց) տեսակցելու, նրա (նրանց) հետ անմիջականորեն հաղորդակցվելու իրավունքից ու հնարավորությունից, ինչպես նաև նրա (նրանց) հետ նույնիսկ հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվելու իրավունքից ենթադրաբար ընտանեկան բռնություն գործադրած կամ ընտանեկան բռնություն գործադրած անձին պատժի կամ պատասխանատվության սպառնալիքով զրկելուն: Ընդգծենք, որ, ասենք, մինչև 10 տարեկան երեխան չգիտակցելով իր համաձայնության նշանակությունը և հետևանքը իրեն ծեծած կամ ապտակած, կամ իր վրա գոռալով, իրեն հոգեկան ուժեղ տառապանք պատճառած, ինչպես նաև իր նկատմամբ բռնության որևէ տեսակ թույլ չտված ծնողներից մյուսի համար, կարող է համաձայնել իրեն ապաստարան տեղափոխելուն: Եվ այս պարագայում եթե ծնողը (ծնողները) ընդդիմանում են, օրենքի նախագծի համաձայն, աջակցության կենտրոնի աշխատողը ոստիկանի հսկողությամբ նրան փաստացի խլելու է ծնողից (ծնողներից) ու տանելու է ապաստարան:

Ավելին. օրենքի նախագիծը 3-րդ, 4-րդ և այլ հոդվածների այժմյան ձևակերպումներով վստահաբար խթանելու է ամուսնալուծությունները ու հանգեցնելու դրանց թվաքանակի մեծ աճի, հայ ընտանիքների քայքայման նորանոր դեպքերի, ընտանիքների՛, որոնք ցանկացած հասարակության բնական և հիմնական բջիջներն են, հասարակության հիմքը:

Ըստ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի, ընտանեկան բռնության տեսակներից է հոգեբանական բռնությունը, որը սահմանված կամ մեկնաբանված է հետևյալ կերպ. «հոգեբանական բռնություն են դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը»:

Ամեն ինչից զատ, ի՞նչ է նշանակում հոգեկան ուժեղ տառապանք, ինչո՞վ և ինչպե՞ս է այն սահմանազատվում հոգեկան թույլ տառապանքից: Ո՞վ և ինչպե՞ս, գերբնական այդ ի՞նչ կարողությամբ է որոշելու` անձն իր ընտանիքի անդամին հոգեկան ուժեղ տառապանքը դիտավորությա՚՞մբ է պատճառել, թե առանց դիտավորության…  Ո՞վ և ինչպե՞ս, գերբնական ի՞նչ կարողությամբ է որոշելու` հոգեկան տառապանքն ուժե՞ղ է, թե թույլ կամ իրականում ընդհանրապես բացակայող, սակայն ոստիկանին, աջակցության կենտրոնի աշխատողին իբրև գոյություն ունեցող ուժեղ տառապանք ներկայացվող… Ոստիկա՞նը, աջակցության կենտրոնի աշխատո՞ղն են դա որոշելու… Առնվազն անհեթեթ է, կասեինք նաև` ծիծաղելի, եթե այս ամենը տխուր չլիներ:

Միանգամայն հնարավոր է, որ, ասենք, երեխան ծնողի կողմից իրեն պատժելու կամ ինչ-որ բան անելը, ինչ-որ տեղ գնալն արգելելու, իր ուզածն իրեն չտալու համար ցանկանալով վրեժխնդիր լինել ծնողից կամ վախեցնել նրան, որպեսզի վերջինս հաջորդ անգամ չպատժի իրեն կամ չարգելի իր ուզածն անել, չհրաժարվի իրեն իր ուզածը տալ, պարզապես ստի, որ հայրը կամ մայրն իր վրա, ասենք, գոռացել է, ֆիզիկական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիք տվել: Զայրույթի պահին կայացրած սխալ որոշման արդյունքում վերոնշյալ այս կամ այն պատճառով, ամուսնու այս կամ այն արարքի համար նրա հանդեպ նույն կերպ կարող է վարվել նաև կինը: Ո՞վ կարող է ասել, որ դա հնարավոր չէ, կյանքում այսպիսի իրավիճակներ չեն կարող լինել…

Այո՛, օրենքի նախագծի խոշոր բացերից է այն, որ հոգեբանական ու տնտեսական բռնությունները դրանում բավարար որոշակիությամբ սահմանված, բացատրված չեն: Ավելին նախագծի 4-րդ հոդվածում («Օրենքի հիմնական հասկացությունները») բռնության նշված տեսակներն ընդհանրապես ներկայացված չեն: Այս ամենը տեղիք է տալիս անորոշության, տարընթերցումների, կամայական մեկնաբանությունների, օրենքը նախագծի ներկայիս շարադրանքով ընդունելու դեպքում կարող է ստեղծել նաև չարաշահումների, կոռուպցիայի հնարավորություն, և ամենաահավորը՝ հանգեցնել շատուշատ երեխաների և ընտանիքների համար ճակատագրական հետևանքների:

Մեկ անգամ ևս նշելով, ընդգծենք, որ վերոնշյալ անորոշությունները կարող են հանգեցնել չարաշահումների, կոռուպցիայի, կամայականությունների կամ պարզապես օրենքի սխալ կիրառման, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի («Որոշակիության սկզբունքը») համաձայն, «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»: Այս նորմը վերաբերելի է նաև «ընտանեկան բռնություն» և «հոգեբանական բռնություն» հասկացությունների համար, քանի որ եթե այդ հասկացությունները պարզ չլինեն, ապա քաղաքացին չի կարող իր վարքագիծը կանխատեսել, հետևաբար կարող է հայտնվել նաև այդ բռնության տիրույթում, ինչի արդյունքում կարող է իր նկատմամբ իրավական հետևանքներ առաջանան։ Այսպիսով չհամապատասխանելով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին ու պահանջին, «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասահմանադրական է, հետևաբար օրենքի վերածվելու պարագայում տողերիս հեղինակի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկվելու է նրա սահմանադրականության հարցը, և եթե դատարանը պատվեր չի կատարում, ապա կասկածից դուրս է, որ օրենքը ճանաչելու է հակասահմանադրական:

Հ.Գ.- Խնդրո առարկա օրենքի նախագծին առավել հանգամանորեն կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում:

 

Արթուր Հովհաննիսյան

 

 

13.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ