Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

 





 

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման ուղղությամբ տարված աշխատանքները:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո ընդունված սահմանադրական օրենքներին և դրանց մշակման աշխատանքներում կարևորել Վենետիկի հանձնաժողովի հետ ՀՀ արդարադատության նախարարության ակտիվ համագործակցությունը:

 

Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Դավիթ Հարությունյանը ներկայացրել է Դատական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվող կարգավորումները, որոնք ուղղված են անկախ, թափանցիկ ու արդյունավետ դատական համակարգի ամրապնդմանը, ինչպես նաև անդրադարձել է էլեկտրոնային գործիքների ներդրմամբ քաղաքացիներին առցանց պետական ծառայություններ մատուցելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին: 

ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավարը նշել է, որ Սահմանադրության փոփոխություններից  հետո Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը և շարունակում է առաջընթաց գրանցել հատկապես  դատաիրավական ոլորտում: Ալեքսանդր Գեսսելը նախարարից հետաքրքրվել է նաև քրեակատարողական ոլորտում իրականացվող բարեփոխումներով, ինչին ի պատասխան Դավիթ Հարությունյանն ընդգծել է 3 ուղղություններով կատարվող աշխատանքները՝ առողջապահական ծառայությունների բարելավում, քրեակատարողական նոր հիմնարկների կառուցման և Պրոբացիոն ծառայության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում: 

Հանդիպման ավարտին կողմերն առավել արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:   

  

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

 

26.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն