Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: 

Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությանը: 

Արա Բաբլոյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում մեծ դերակատարություն ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Նա նորընտիր խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցելու դեսպանության հետ՝ նպաստելով բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացմանը: 




Իվան Վոլինկինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր աշխատանք: 

Դեսպանը ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւրությունը ռուս-հայկական քաղաքական օրակարգում: 

Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում: 

Իվան Վոլինկինն անդրադարձել է համագործակցության ակտիվացմանը ԵԱՏՄ շրջանակում՝ կարեւորելով երկու երկրների օրենսդրության համապատասխանեցումը: 

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ առաջիկայում Մոսկվա նախատեսված պաշտոնական այցի մանրամասները: 

 

04.07.17 | քաղաքականություն | քաղաքականություն