Արագածոտնի համայնքային զարգացման կենտրոնը տոնել է գործունեության 3-ամյակը

 








 

Արդեն երեք տարի է, ինչ Աշտարակ քաղաքում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ գործում է Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի «Սուրբ Մարիանե» համայնքային զարգացման կենտրոնը:

Կենտրոնն այսօր աշխատում է համայնքի մոտ 85 ընտանիքի ու դրանց դպրոցահասակ երեխաների հետ և բաց է բոլոր այն անդամների համար, ովքեր ունեն շփման, համագործակցության, խորհրդատվության կարիք, ցանկություն զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, մասնակցել ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի  հանդիպումներին և զրույցներին ու ճանաչել Աստծուն: 

2017 թ. դեկտեմբերի 1-ին Աշտարակի Գյուլամերյան Հայորդյաց տանը տեղի ունեցավ «Սուրբ Մարիանե» կենտրոնի հաշվետու միջոցառումը: Միջոցառման նպատակն էր ծանոթացնել համայնքին, գործող կառույցներին կենտրոնի գործունեությանը:

Միջոցառմանը կենտրոնի երեխաները ներկայացրեցին իրենց առօրյան, պատմեցին կենտրոնում երեխաների և մեծահասակների համար կազմակերպվող և գործող բոլոր դասընթացների և խմբակների, իրենց մանկավարժների և իրականացվող միջոցառումների մասին: 

Միջոցառմանը ներկայացված էր «Սուրբ Մարիանե» կենտրոնի աշխատանքների 2 ցուցադրություն՝ ձեռքի նկարների և «Նոր կյանք թափոններին» ծրագրի շրջանակներում կենտրոնի կանանց և երեխաների կողմից թափոններից պատրաստած հուշանվերների ցուցահանդեսը: 

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի հոգևորականները, ծրագրի հովանավորներն ու բարերարները, ՏԻՄ ներկայացուցիչներ, կենտրոնի ամբողջ անձնակազմը, ծրագրի մասնակիցները և համայնքի ներկայացուցիչները:

Կենտրոնի երեխաներին ողջունեցին Հայորդյաց տան պարի և դհոլի խմբակների սաները: Դա  կենտրոնների առաջին համագործակցությունն էր, իսկ երեխաների` առաջին համատեղ ելույթը:   

 

04.12.17 | քաղաքականություն