Ավստրալիայի խորհրդարանում անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը

Դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության և ՀՅԴ Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ, Ավստրալիայի խորհրդարանում տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ:

 

Հանդիպումներին մասնակցել են հատուկ հրավիրյալի կարգավիճակ ունեցող ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը, Ավստրալիայի Հայ դատի Հանձնախմբի ներկայացուցիչներ:

          Դավիթ Իշխանյանը և Քայլար Միքայելյանը խորհրդարանականներին մանրամասն տեղեկություններ են ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, Արցախի Հանրապետության  պետականաշինության գործընթացի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև հանրապետությունում ներկա զարգացումների մասին:

          Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն իր ելույթում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Արցախի անկախության հռչակման 24-րդ տարեդարձին՝ շեշտելով. «ԼՂՀ-ն այսօր ունի ժողովրդավարական համակարգ, կառավարություն, խորհրդարան, մարդու իրավունքների և ազատ մամուլի դրսևորում, ինչը  հարևան Ադրբեջանի լրիվ հակապատկերն է»:

          ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են՝ հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև առաջիկայում Ավստրալիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարելիք այցը, որը հնարավորություն կտա նրանց անմիջականորեն ծանոթանալու Արցախի ձեռքբերումներին և երկրի առօրյային:

 

04.12.15 | քաղաքականություն | քաղաքականություն