Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ավելի երջանիկ դառնալու հինգ միջոց

1. Ընդմիջումներ արեք

Մեր ամենօրյա զբաղմունքների մեծ մասն ուղղված է որեւէ նպատակի: Մենք հավաքում ենք  տունը,  որպեսզի այն մաքուր լինի, գալիս ենք աշխատանքի, որպեսզի կատարենք որոշակի առաջադրանքներ, սեքսով ենք զբաղվում,   որպեսզի բավականություն ստանանք: Մեր կյանքը բաղկացած է մշտական նպատակաուղղված գործունեությունից: Իհարկե նպատակների իրականացումը մեր կյանքին կարգուկանոն ու իմաստ է հաղորդում: Բայց դրա հետեւանքով մենք հաճախ ենք գերագնահատում արդյունքը ու մոռանում այն մասին, որ  ընթացքը նույնպես կարող է բավականություն ու ուրախություն պատճառել: Յուրաքանչյուր մեկ- մեկուկես ժամը մեկ ընդմիջում արեք: Աշխատասերների շրջանում կա տեսակետ, որ լավագույն հանգիստը մեկ այլ առաջադրանք անելն է, գործունեության տեսակի փոփոխությունը: Բայց այդ գործունեությունը չպետք է վերաբերի  խնդիրների լուծմանն ու պատասխանների որոնմանը: Ավելի լավ է 15 րոպե լիցքաթափվեք ու հանգստանաք:

2. Միացրեք ներքին ավտոպիլոտը

Ժամանակի մոտավորապես 40 տոկոսը մենք գործում ենք ավտոմատ: Այսինքն   մեր գործողությունները կառավարում են մեր սովորությունները, այլ ոչ թե գիտակցական որոշումները: Կարող է թվալ, որ որքան շատ գիտակցական գործողություններ անենք, այդքան ավելի լավ: Բայց իրականում մենք ավելի շատ բան ենք հասցնում, երբ չենք մտածում մեր արածի մասին: Մեր յուրաքանչյուր քայլը մշտապես գիտակցաբար կառավարելու անհրաժեշտությունը առաջացնում է այն հոգեվիճակը,  որը հայտնի է որպես «հոգնածություն որոշումների կայացումից»: Ձեր կյանքում շատացրեք ավտոմատ գործողությունների քանակը: Դա չի նշանակում որ դուք պետք է ռոբոտ դառնաք ու չմտածեք, թե ինչ եք անում: Պարզապես ձեր գործողությունները որոշակի ռիթմի ենթարկեք: Մի որոշեք ՝ մարզանք անեք,  թե ոչ, այլ պարզապես արեք այն: Որքան շատ ամենօրյա սովորություններ ձեռք բերեք, այդքան շատ բան կհասցնեք ու այդքան քիչ սթրես կապրեք: Ցանկացած սովորության ձեւավորման հարցում ամենաբարդ բանը  ինչ -որ բան սկսելն է: Առավելագույնս հեշտացրեք առաջին քայլը: Իդեալական կլինի, եթե այն 20 վայրկյանից երկար չտեւի: Օրինակ, եթե դուք ուզում եք  վարժեցնել ձեզ ամեն օրվա մարզանքներին, պետք չէ գանտելները կամ էսպանդերը շատ հեռու տեղ դնել:

3. Ազատվեք բոլոր ավելորդություններից

Արդյունավետության մրցավազքում մենք հաճախ ենք ինքներս մեզ տանջում ու դա ոչ միայն հակառակ էֆեկտն է տալիս, այլեւ ազդում է մեր ինքնազգացողության վրա: Միակ ելքը ավելի քիչ բան անելն է: Վերանայեք ձեր նպատակները, թողեք միայն այն,    ինչն իրոք  ձեզ պետք է: Հաճախ մեր գերծանրաբեռնվածությունը ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված, այլ  մեր սեփական որոշումներով ու ուրիշների առաջ մեր իսկ հորինած պարտավորություններով: Ձեզ համար հինգ առաջնային բան ( նպատակ, զբաղմունք ) ընտրեք ու ասեք «ոչ» մնացած ամեն ինչին: Մենք չափից շատ ժամանակ ենք ծախսում արձագանքելով տարատեսակ գրգռիչների, այլ ոչ թե շարժվելով առաջ՝ դեպի մեր  նպատակների իրականացում:  Դրա համար էլ հանգամանքներն ու մարդիկ կարողանում են կառավարել մեր հոգեվիճակը: Մեր մտքով պարզապես չի անցնում ժամանա առ ժամանակ վերանայել մեր պարտականությունները, ծրագրերն ու սովորությունները:

4. Հարաբերություններ կառուցեք

Հարցրեք հոգեբաններին, տնտեսագետներին, ապահովագրական գործակալներին ու տարեց մարդկանց, ու նրանք ձեզ միաձայն կասեն, որ կյանքում հարաբերություններից ավելի կարեւոր ոչինչ չկա: Դրան հավատալը հեշտ է, երբ խոսքը մտերիմների մասին է: Բայց հավատացեք, որ նույնիսկ մակերեսային, ոչինչ չպարտավորեցնող հարաբերությունները կարող են երջանկացնել մեզ: Լրիվ անծանոթ մարդու հետ խոսակցությունը մեզ դժվար է թվում, սակայն հիմնականում այդ անհարմարության  առաջին զգացողությունը շատ կարճ է տեւում, իսկ մտերիմ հարաբերությունների բացակայությունն էլ  իր առավելությունն  ունի՝ մենք ոչինչ չգիտենք իրար մասին, ու դա երբեմն մեզ անկեղծ խոսելու հնարավորություն է տալիս: Պարտադիր չէ, որ դուք փոխեք ձեր սովորական կենսաակերպը: Պարզապես ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ուրիշների վրա: Լսեք նրանց: Հետաքրքրվեք այն լավ բաների մասին, որոնք պատահել են նրանց կյանքում,  հասկացեք ու աջակցեք: Մի վախեցեք անկեղծությունից ՝ ձեր զրուցակիցը ամենայն հավանականությամբ նույնպես անհարմարություն է զգում, ու  ընդառաջ քայլ կատարելով ՝ դուք կօգնեք  նրան հաղթահարել դա:

5. Ավելի հանդուրժող եղեք 

Մեզանից շատերը տուն են գալիս ու մտածում «Ես պարզապես ուզում եմ հանգիստ նստել, ոչինչ չանել»: Եվ դա հասկանալի է, երբ դուք շատ եք աշխատում ու բոլորովին ուժ չեք ունենում: Բայց ոչինչ չանելով՝  դուք ձեր կյանքն ավելի հաճելի չեք դարձնի: Պարադոքսն այն է, որ  հիմնականում մենք ուզում ենք անել ոչ թե այն, ինչը մեզ  երջանկացնում է, այլ այն, ինչը մեզ ավելի հեշտ է թվում: Կազմեք ձեր կյանքի այն ուժեղ կողմերի, հետաքրքրությունների ու ոլորտների ցանկը, որոնցով զբաղվելիս դուք ձեզ հնարավորինս հարմարավետ եք զգում: Հոգ տարեք այն մասին, որ ձեր կյանքում միշտ լինի ձեր հետաքրքրության առարկան, որպեսզի այն ձեզ ստեղծագործելու դրդի ու ուրախության աղբյուր դառնա:

Աղբյուրը՝ Creu

30.01.16 | հասարակություն | ֆուտբոլ