Ավան համայնքի բնակիչները բողոքում են տեղադրված նոր ջրաչափերից. «Արմենպրես»

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր «Վիոլա ջուր» ընկերությունը նոր ջրաչափեր է տրամադրում բաժանորդներին, ինչից, սակայն, բողոքում են քաղաքացիները:

Ավան համայնքի բնակիչները զանգահարել են «Արմենպրես»-ի խմբագրություն եւ ասել, որ «Վիոլա ջուր» ընկերության կողմից նոր ջրաչափերի տեղադրումից հետո իրենք ստիպված են լինում նախկինի համեմատ գրեթե երկու անգամ ավելի վճարել ջրի սակագնի համար: Քաղաքացիներից մեկը նշեց, որ եթե նախկինում ջրի համար վճարում էր 4000-5000 դրամ, հիմա ստիպված է վճարել 8000-9000 դրամ:

Բնակիչների՝ տեսուչին ուղղված հարցերին, վերջինս պատասխանել է, որ բողոքները շատ են: «Ուղղակի նոր ջրաչափերը բավական զգայուն են եւ ֆիքսում են ջրի անգամ մեկ կաթիլը»,- ասել է նա:

«Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան «Վիոլա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն ասաց, որ նոր ջրաչափերը նախկինների համեմատ բավական բարձրակարգ են եւ դրանց փորձարկումը սկսվել է Ավան համայնքի Նարեկացի թաղամասից (ի դեպ հենց այս շենքից էին մեզ զանգահարողները-հեղ.): «Ջրաչափերն աստիճանաբար փոխվում են եւ առաջիկա տարիներին 730 հազար բաժանորդ կունենա նոր ջրաչափեր` անվճար հիմունքներով: Առաջնային կարգով կսպասարկվեն այն բնակիչները, ում ջրաչափերը հին են կամ կոտրված»,-ասաց նա` փաստելով, որ հին ջրաչափերը մոտավոր, իսկ նորերը ճշգրիտ պատկեր են տալիս: Բողոքների առնչությամբ պատասխան ստանալու համար, Մուրադ Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին դիմել ընկերության համապատասխան գրասենյակներ կամ էլեկտրոնային նամակ ուղղել եւ 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ սպառիչ պատասխան:

Ի դեպ, «Վիոլա ջուր» ընկերության շուկա մուտք գործելուց հետո ջրի սակագինը մեկ խորանարդ մետրի համար 170 դրամից դարձել է 180 դրամ:

 

 

 

 

 

 

13.10.17 | քաղաքականություն