Առուշ Առուշանյանը ընտրակաշառք-ծառայություններ է մատուցում ընտրողներին. Սամվել Հարությունյանի դիմումը՝ ՀՀ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին

ՀՀ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին

Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու

Սամվել Վաղարշակի Հարությունյանից

 





Դիմում

 

Հարգելի հանձնաժողով,

 

Ավելի քան մեկ ամիս է, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, նույն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՀՀԿ անդամ Առուշ Գագիկի Առուշանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը և ի տես ամենքի, Գորիսի զարգացման գոյություն չունեցող հիմնադրամի անունից, սոցիալապես ծանր վիճակում գտնվող հազարավոր գորիսեցիներին բարեգործություն անելու անվան տակ, հիսուն դրամանոց ընտրակաշառք-ծառայություններ է մատուցում ընտրողներին: Այո՛, խոսքս Գորիս քաղաքում միկրոավտոբուսներով քաղաքացիների անվճար երթևեկության մասին է: Մի շարք լրատվամիջոցներով հրապարակվել է, որ անվճար տրանսպորտային երթևեկությունը մատուցվում է Ա. Առուշանյանի կողմից: Ա. Առուշանյանը հաստատել է, որ այդ մատուցվող ծառայությունների ծախսերը կատարվում են իր անձնական միջոցներով:

Ես հրապարակավ քանիցս քննադատել եմ Ա. Առուշանյանի ապօրինի վարքը, ինչին հակառակ՝ նա շարունակել է արհամարհել ՀՀ ընտրական ու քրեական օրենսգրքերի պահանջները և ընտրողներին մատուցել է էժանագին ընտրակաշառք-ծառայություններ, որոնք ունեն բազմապատկման միտում:

Այսպիսով՝ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածու Ա. Առուշանյանի կողմից և անունից հազարավոր ընտրողներին քանիցս մատուցվել են շարունակական բնույթի տրանսպորտային երթևեկության անվճար ծառայություններ, որոնց հետևանքները հնարավոր չէ վերացնել, և որոնք, անշուշտ, ազդելու են ընտրությունների արդյունքների վրա:

Այս օրերին Ա. Առուշանյանի օգտին ծառայող բազմաթիվ երիտասարդներ այցելում են հազարավոր քաղաքացիների բնակարաններ, հաշվառում նրանց կարիքները, ձգտում կողմնորոշել նրանց: Այսպես շարունակվելու պարագայում առաջիկա օրերին և ընտրությունների ընթացքում հավաքական Գորիսը կրկին վերածվելու է ընտրողների ձայների նողկալի տոնավաճառի:

 

Ձեզ պետք է հայտնի լինի, ինչպես հանրահայտ է, որ Ա. Առուշանյանի ընտրական գլխավոր շտաբը, որի փաստացի ղեկավարն իր հայրը՝ Գագիկ Առուշանյանն է, տեղակայված է Գորիսի համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող Գորիսի մշակույթի տան երկրորդ հարկում, ինչը նույնպես արգելված է օրենքով:

Ա.Առուշանյանի որոշ քարոզչության նյութեր տեղադրված են Գորիսի համայնքապետարանի և այլ շենքերի պատերին, ինչն նույնպես արգելվում է օրենքով: Խնդրում եմ հաշվի առնել նշածս աղաղակող իրողությունների վտանգավորությունը, անհապաղ քննարկել դիմումս, ընդունել ՀՀ օրենսդրության պահանջներից բխող որոշում և դիմել դատարան՝ Առուշ Գագիկի Առուշանյանի թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով, ինչպես նաև ներկայացրածս փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու առաջարկով դիմել դատախազություն:

 

Դիմումիս քննարկման ընթացքում կներկայացնեմ նաև այլ ապացույցներ:

 

Հարգանքներով՝ Սամվել Հարությունյան

29.10.2017թ.

հեռ. (094)504942

 

 

 

 

 

30.10.17 | քաղաքականություն