Առաջ միայն Անկարան էր հովանավորում Արամ Աթեշյանին, այսօր նաև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը. Սարգիս Հացպանյան

Առաջ միայն Անկարան էր հովանավորում Արամ Աթեշյանին, այսօր նաև՝  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այսպես գնահատեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Կ.Պոլսի Պատրիարքության առկա հարցերի շուրջ ձեռք բերված ընդհանուր համաձայնության վերաբերյալ երեկ տարածված հաղորդագրությունը տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: 

 






Ըստ նրա՝  հայ եկեղեցու պատմության մեջ այս մեկ շաբաթում տեղի ունեցածն աննախադեպ է, քանի որ իրականության մեջ Մայր Աթոռի տարածած գրությունն անբովանդակ և ոչինչ չասող մի փաստաթուղթ է: 

«Հարցին ոչ թե լուծում տրվեց, այլ հնարավոր լուծման ճանապարհը փակվեց, որովհետև դա գալիս է մեր եկեղեցու կանոնադրություն չունենալուց»,- ասաց Ս. Հացպանյանը` հավելելով, որ անգամ ՀԿ-ները և անհատ ձեռնարկություները կանոնադրություն ունեն, իսկ Հայաստանյաց առաքելական եկեղեցին չունի: 

Նրա խոսքերով` Մայր Աթոռի կողմից տարծված գրության մեջ ասվում է բաներ, որոնք առանց այդ էլ այդպես պետք է լինեին, մինչդեռ պոլսահայ համայնքն Ամենայն հայոց կաթողիկոսից ակնկալում էր Ա. Աթեշյանի հրաժարականի պահանջը և այն, որ վերջինս տեղապահի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի:  

Ս. Հացպանյանի պնդմամբ` Արամ Աթեշյանի հանդեպ անվստահություն կա թե կղերական, թե պոլսահայ համայնքում, քանի որ տվյալ անձը դարձել է խնդրո առարկա, որը ոչ ոքի հաշվետու չէ: 

«Երկու օր անընդմեջ եկեղեցական դասն Արամ Աթեշյանի հետ հանդիպել է, և այդ մարդը երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով` չի ասել է, որ կհրաժարվի կամ տեղապահի թեկնածություն չի դնի, այսինքն` նա նույն դիրքորոշմամբ եկավ, նույն դիրքորոշմամբ էլ վերադարձավ` այս թուղթը ձեռքին»,- ընդգծեց վերլուծաբանը: 

Վերջինիս կարծիքով` ստեղծված իրավիճակում Ամենայն հայոց կաթողիկոսը փոխարեն պատժեր կամ զսպեր Ա. Աթեշյանի սանձարձակ կեցվածքը, ավելի շատ Գարեգին և Սահակ եպիսկոպոսներին համոզելու, Ա. Աթեշյանի նկատմամբ ներողամիտ վերաբերմունք դրսևորելու դառն աշխատանք է կատարել: 

Բանախոսի փոխանցմամբ` համաձայն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարածած գրության` մինչև մարտի 15-ը  պոլսահայ համայնքը պետք է տեղապահ ունենան,  որին ընտրում են կրոնական ժողովի 9 անդամներից ինչ-ինչ պատճառներով մնացած 6 անդամները և կեղարականներից բաղկացած հոգևոր համագումարը, ընդհանուր առմամբ` 25 հոգի: 

Ս. Հացպանյանը նկատեց, որ տեղապահ ընտրելու իրավունք ունեցող վերնոշյալ 25 անձանցից շատերի վրա Ա. Աթեշյանը լուրջ ազդեցություն ունի իր լծակներով, որոնք նա կօգտագործի, և արդյունքում մեծանում է հավանականությունը, որ Ա. Աթեշյանը կդառնա տեղապահ:

«Սա նշանակում է, որ պոլսահայ համայնքը դարձյալ հայտնվեց կոտրված տաշտակի առաջ. Երեկվանից համայնքի ներկայացուցիչներն այս փաստաթղթին այնպիսի որակումներ են տվել, որ ես կամաչեմ բարձրաձայնել»,- ընդգծեց նա` մտավախություն հայտնելով, որ եթե Ա. Աթեշյանը տեղապահի թեկնածություն դնի, ապա պոլսահայ համայնքի ներսում պատերազմ կլինի և արյուն կթափվի:  

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

25.02.17 | քաղաքականություն