Առաջարկություններ կներկայացվեն շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և կանխարգելման վերաբերյալ

Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ էր: «Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջակա միջավայրի  գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը  հանձնարարել է արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ: 

Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ: 

 

26.10.17 | քաղաքականություն