Առաջարկություններ կներկայացվեն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից ու գույքահարկից ազատելու վերաբերյալ

 

 

Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը հարկերից, տուրքերից, ինչպես նաև՝ գույքահարկից ազատելուն: Վարչապետը նշել է, որ ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալները խթանելու անհրաժեշտությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: 

Վարչապետի երրորդ հանձնարարականը «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի և առաջիկա շաբաթօրյակի կազմակերպման վերաբերյալ էր: «Անցած ամիսների ընթացքում «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվել է ծավալուն աշխատանք, կազմակերպվել է 2 համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արձանագրված 2029 աղբանոցներից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը:  Բոլոր մարզերում ստեղծվել են համապատասխան հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր, գործադիր իշխանության մարմիններում նույնպես նշանակվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի պատասխանատուներ: Մշակվել և Ազգային ժողով է ներկայացվել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորմանն ու պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Աղբահանության պայմանագրերի կնքման և վճարների հավաքագրման վերաբերյալ հանձնարարականի արդյունքում, արդեն իսկ կնքված պայմանագրերի թիվն ավելացել է երկու անգամ և կազմում է սուբյեկտների  ընդամենը 25 տոկոսը, ինչպես նաև ավելացել են աղբահանության համար վճարումների ծավալները (առանց Երևանի) ընդամենը 51.2 տոկոսով»-ասել է կառավարության ղեկավարը և  հավելել, որ չնայած արձանագրված արդյունքներին՝ առկա իրավիճակը դեռևս կարիք ունի համակարգված շարունակական միջոցառումների և լրացուցիչ արդյունքների: 

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը  հանձնարարել է հանրապետական գործադիր, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին և առաջարկել  Երևանի քաղաքապետին և համայնքների ղեկավարներին,  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով, հետևողականորեն շարունակել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատանքները` համաձայն հաստատված ծրագրի ու աշխատանքային պլանների: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ապահովել հոկտեմբերի 21-ին երրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև հետևողական լինել իրականացվող ծրագրերի պատշաճ կատարման  ու ժամանակացույցի առումով: «Իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերի 25 տոկոս ցուցանիշը բավարար չէ: Մինչև տարեվերջ պայմանագրերը պետք է կնքվեն 100 տոկոսով, նույնը վերաբերում է նաև աղբահանության հավաքագրումներին»,- ասել է վարչապետը:  

 

12.10.17 | քաղաքականություն