Աջակցում են գյուղական համայնքներում հյուրատնային ծառայությունների որակի բարձրացմանը

«Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը գյուղական համայնքներում զբաղվածության խթանման նպատակով իրականացրել է «Աջակցություն Արտավան գյուղի B&B-ների ծառայությունների որակի բարձրացմանը» խորագրով ծրագիրը։ 

Ծրագրի ղեկավար Վազգեն Գալստյանը նշում է, որ Արտավան համայնքը բավականին ուշագրավ է զբոսաշրջության տեսակետից։ Այստեղ գտնվող Լճակն անունը կրող լճակը մեծ հետաքրքրություն ներկայացնող բնության հուշարձան է. լճակի մեջ աճած խոտածածկի ձևավորած կղզյակներն արևելքից դիտելու դեպքում նույնությամբ կրկնում են աշխարհի քարտեզը, ինչն իր հերթին նպաստում է արշավախմբերի և մի շարք զբոսաշրջային կազմակերպությունների կողմից Արտավան համայնք հաճախակի այցելություններին: Արտավանում առկա 3 բնական և 4 արհեստական լճակներում ձկնաբուծությունն էլ իր հերթին նպաստել է ձկնորսությամբ զբաղվող զբոսաշրջիկների հոսքին:  

 






2016թ. WWF-Հայաստան կազմակերպության կողմից Կովկասյան ընձառյուծի պաշտպանության և տարածքի կենդանական աշխարհի հետազոտման արդյունքում Արտավան գյուղի վարչական տարածքում դիտարկված մուֆլոններին և բեզոարյան այծերին տեսնելու համար գիշերակացով համայնք են այցելում բազմաթիվ կենդանասերներ: Արտավան համայնք զբոսաշրջիկներ են այցելում նաև թռչնադիտարկումների համար, քանի որ տարածքը հարուստ կենսաբազմազանություն ունի: 

 

Արտավանը, ունենալով մեծ զբոսաշրջային պոտենցիալ, ընդունում է մեծաթիվ զբոսաշրջիկների: Գիշերակացի ծառայություն մատուցում են 4 հյուրընկալ ընտանիքներ, որոնցից 2-ը՝ շուրջ 2 տարի, մյուս երկուսը՝ 2016թ․ աշնանից սկսած: Սակայն, ինչպես նկատում է ՀԿ-ն, զբոսաշրջային հոսքի մեծացման հետ մեկտեղ եթե աշխատանքներ չտարվեն հյուրատնային (B&B) ծառայությունների պայմանների ու որակի բարձրացման ուղղությամբ, ապա վատ որակի ծառայությունը պատճառ կդառնա զբոսաշրջիկների դժգոհության ու հոսքի կրճատման:

 

Հարցը լուծելու համար Ջերմուկի զարգացման կենտրոնի կողմից վերջին ամիսներին իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ Արտավան գյուղում հյուրատնային ծառայություն մատուցողների աշխատանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ: Այդ նպատակով վերապատրաստվել են Արտավանի մի քանի բնակիչներ, որոնք ծանոթացել են հյուրատնային բիզնեսի հմտություններին։ Փորձի փոխանակման համար կազմակերպվել է այց Արենիում գործող հյուրատնային կազմակերպություն։ B&B ծառայություն մատուցող մի քանի տնտեսություն պետական գրանցում է ստացել, ինչպես նաև 6 կողմնորոշիչ ցուցանակներ են տեղադրվել Արտավանում, պատրաստվել են նաև դաշտային զուգարաններ։

 

Նշենք, որ իրականացված ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

 

Ծրագիրն իրականացնելիս Ջերմուկի զարգացման կենտրոնը համագործակցել է «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի հետ։ 

 

 

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 

հասարակայնության հետ կապերի ծառայություն

28.09.17 | քաղաքականություն