Ապրիլյան պատերազմի հերոս Աղասի Ասատրյանն այսօր կդառնար 21 տարեկան

Փետրվարի 23-ին ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող, հետախույզ Աղասի Ասատրյանը կդառնար 21 տարեկան: Արդեն 10 ամիս է անցել քառօրյա պատերազմից՝ այն օրերից, երբ Աղասին արյան գնով զինակիցների հետ պաշտպանում էր մարտական դիրքը:

 

Աղասի Ասատրյանը զոհվել է Թալիշում: Նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մարտական դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը հակառակորդի գրոհի անցնելուց հմտորեն  ղեկավարել է մարտը` իր և դիրքի անձնակազմի ցուցաբերած խիզախության շնորհիվ կասեցրել թշնամու գրոհը` վերջինիս պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստ: Նահանջած հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Դիրքի անձնակազմը ցուցաբերով աննկուն կամք ու մարտական ոգի,  քայլ անգամ չի նահանջել, հրամանատարի գլխավորությամբ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, արիաբար զոհվել՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Անհավասար մարտում զոհվել են Մերուժան Ստեփանյանը, Ռաֆիկ Հակոբյանը,Վիկտոր Յուզիխովիչն ու Աղասի Ասատրյանը։

 

Աղասի Ասատրյանը ծնվել է 1996 թվականին,  Մասիս քաղաքում: 2012 թ-ին  ավարտել է դպրոցը, որից հետո ընդունվել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: 2014 թ-ին զորակոչվել է Հայոց Բանակ և ծառայության անցել  Արցախում` Թալիշում: Ծառայել է որպես հետախույզ-դիպուկահար՝ ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի դասակում:

 

«Աղասին բարի էր, ընկերասեր, նվիրված ու շատ հավասարակշռված: Աշխույժ, ուրախ տղա էր, շատ էր սիրում կյանքը…»,- իր հարցազրույցներից մեկում ասել է  մերօրյա հերոսի մայրը՝ Նարինե Ասատրյանը:

Մոր խոսքերով՝  որդին ծառայությունից գրեթե ոչինչ չի պատմել, երբեք չի բողոքել, ամեն անգամ, երբ մայրը հարցրել է՝  «ոնց ես», միշտ պատասխանել է. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը: Այնքան հպարտությամբ էր ասում…»,-

 

Աղասիի ծառայակից ընկերը՝  ժամկետային զինծառայող Հրայր Բաղդասարյանը  Panorama.am-ին պատմել է, թե ինչպես են ապրիլի 2-ին մարտնչել թշնամու դեմ.  «Հարձակվեցին ծանր զենքերով: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեսասարքի էկրանին դեպի մեր դիրքերը շարժվող մարդիկ երևացին:  Դիրքավորվեցինք, սկսեցինք կրակել, նրանք փախան՝ մարտադաշտում թողնելով երեք դիակ: Հաջորդ օրն ավելի մեծ խմբով հարձակվեցին: Ականանետներով կրակում էին, մինչև վերջ պայքարել ենք: Դիրքում 9 հոգով էինք, 4-ը՝ դասակի հրամանատար, ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, զինծառայողներ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը, Վիկտոր Յուզիխովիչը զոհվեցին: Ես ծանր վիրավորվեցի, չէի կարողանում քայլել, գլորվելով իջա ձորը ու սկսեցի սողալով առաջանալ, հարևան դիրքի մոտ  մի զինվոր ու սպա օգնության հասան…»:

Մասիսի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի անունով, բացի այդ, Մասիս քաղաքում մի փողոց կրում է նրա անունը:

 

Մերօրյա hերոսը հետմահու պարգևատրվել է՝ ՀՀ Նախագահի կողմից «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ԼՂՀ Նախագահի կողմից «Արիության համար» մեդալներով:

 

 

 

 

23.02.17 | քաղաքականություն