Ապագա տնտեսագետները՝ մարտական դիրքերում

 

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 40-ից ավելի ուսանողներ այցելեցին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի դիրքապահ զորամաս, կամ ինչպես նախկինում է կոչվել՝ Սիսական գունդ:

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հետ համատեղ իրականացվող «Մեկ օր զինվորի կողքին» ծրագրի շրջանակներում զորամասում ուսանողները ծանոթացան գնդի ստեղծման պատմությանը, լսեցին հետաքրքիր դրվագներ պատերազմական կյանքից ու զորամասի առօրյայից: 

Զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանը, կարևորելով նախաձեռնությունը, համոզմունք հայտնեց, որ միայն բառերով երկիր չես պահի, ու ժամանակն է խոսքից գործի անցնել: Այնուհետև վստահեցրեց. «Այսօր բոլորս ենք պարտավոր կռվող զինվոր լինել՝ կին, թե տղամարդ, և այդ առումով շատ կարևոր են մեր երիտասարդության այսպիսի ոգևորությունն ու նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը»: 

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանը փաստեց, որ ուսանողների հետաքրքրվածությունը նման ծրագրերի նկատմամբ տարեցտարի աճում է. «Այս շրջանում, ընդհանրապես, բանակի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ողջ հասարակության շրջանում, հատկապես երիտասարդների: Նման հանդիպումները կարևոր են և՛ զինվորների, և՛ ուսանողների համար: Զինվորները մի պահ կարողանում են կտրվել իրենց առօրյայից, լիցքաթափվել ուսանողներն էլ ծանոթանում են զինվորական կյանքին: Մինչ զորամաս հասնելը ուսանողներն այլ են, վերադարձին՝ այլ»: 

Ապագա տնտեսագետները եղան զորանոցներում, ծանոթացան զինվորական առօրյային, զինվորների հետ ճաշեցին զինվորական ճաշարանում, ապա, չնայած եղանակային դժվարանցանելի պայմաններին, ուղևորվեցին մարտական դիրքեր:

Զինվորներն ուսանողների կողմից ստացան նվեր-փաթեթներ՝ լի անձնական հիգիենայի պարագաներով: Նրանք ՀՊՏՀ-ականներին ողջունեցին «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ: 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 

հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

27.02.17 | քաղաքականություն