Աշոտ Մանուկյանն Ավստրալիայում քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության ուղղությունները

 

 

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները:

 

Կողմերն անդրադարձել են ոլորտի կարգավորման ստանդարտներին, երկրաբանական երևակումների և ընդերքի շահագործման գործնական խնդիրներին՝  «պատասխանատու ընդերքօգտագործման» հիմնարար սկզբունքների համատեքստում:  

Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ընդերքօգտագործման ոլորտում մեր երկրում իրականացված նորամուծությունները, մասնավորապես՝ ընդերքի շահագործման լիցենզիաների տրամադրման պայման հանդիսացող հանքի ապագործարկման նախագծի և համապատասխան ֆինանսական երաշխիքների ներդրման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության գործընթացի և Հայաստանի երկրաբանական ֆոնդի արխիվի թվայնացման ու տեղեկությունների հասանելիությանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերը: 

Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար Մեհդի Կարբասիանի, GFG Alliance միջազգային կորպորացիայի գործադիր նախագահ Սանջեև Գուպտայի հետ: 

 

Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին

 

31.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն