Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Աշխատավայրում ակտիվ լինելու հինգ միջոց

1. Ոտքով գնացեք աշխատանքի

Իհարկե, եթե աշխատավայրը ձեր տնից մետրոյի 10 կայարան հեռավորության վրա է, ոտքով չես գնա, բայց կարելի է ուղղակի մի կանգառ շուտ իջնել եւ մինչեւ աշխատանքը 10-15 րոպե քայլել: Վերելակի փոխարեն, ավելի լավ է աստիճաններն օգտագործել, իսկ շարժասանդուղքով ոտքով բարձրանալ: Մի քանի շաբաթից արդեն ձեր հետույքը զգալիորեն կձգվի եւ ձեր ընդհանուր ինքնազգացողությունը նկատելիորեն կբարելավվի:

2. Աշխատավայրում մարզանք արեք

Մի քանի ժամ անընդմեջ անշարժ մի նստեք համակարգչի առաջ: Անպայման վեր կացեք եւ ամեն կես ժամը մեկը գոնե կես րոպե քայլեք կամ էլ ուղղակի ձգվեք նստած տեղը: Խորհուրդ է տրվում նաեւ ամեն 2 ժամը մեկ պարզ մարզանք անել հենց սեղանի առաջ: Հենց դա է ինձ սովորաբար փրկում ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պայմաններում, երբ ժամանակը չի հերիքում նույնիսկ մի բաժակ թեյ խմելու համար: Կարելի է առանց աշխատանքից կտրվելու դանդաղորեն պտտել գլուխը, բարձրացնել եւ իջեցնել ուսերը, թեքումներ կատարել, առանց աթոռից վեր կենալու բարձրացնել աջ եւ ձախ ոտքերը, թաթերը պտտել: Նման թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը հրաշալիորեն թարմացնում եւ առույգացնում է, ինչպես նաեւ նստակյաց կյանքի հետ կապված հիվանդությունների լավ կանխարգելում է:

3. Հեռախոսով քննարկումների փոխարեն, անձնական հանդիպում

Ձեր աշխատանքային առօրյային կենդանի շփում ավելացրեք. հեռախոսազանգերը եւ էլեկտրոնային նամակները փոխարինեք անձնական հանդիպումներով: Չարժե դրա համար բանակցությունների սենյակ պատվիրել, ուղղակի վեր կացեք եւ քայլեք դեպի ձեր գործընկերոջ սեղանը, նրա հետ անձամբ քննարկեք բոլոր հարցերը` նրա աշխատանքային սեղանի մոտ կամ դուրս գալով խոհանոց, պատշգամբ, տեռաս: Պարտադիր չէ նաեւ սուրճ կամ թեյ խմել համակարգչի մոտ, կանգնեք պատուհանի մոտ, մտքերը կարգի բերեք եւ ընդարմացած վիճակից հանեք ձեր մարմինը: Իսկ գործընկերոջ հետ հանդիպումները հնարավորության դեպքում անցկացրեք մաքուր օդում: Այդպես դուք ոչ միայն կզարմացնեք անբռնազբոս մթնոլորտով, այլեւս կփայլեք ձեր ստեղծագործական կարողություններով, որոնք քայլելու ընթացքում ավելանում են 60 տոկոսով (Սթենֆորդի համալսարանի հետազոտության տվյալներով), ինչպես նաեւ ձեր օրգանիզմին անհրաժեշտ թարմ օդ կստանաք եւ Դ վիտամին:

4. Ճաշեք աշխատավայրի պատերից դուրս

Աշխատանքային սեղանի մոտ ճաշելն իսկական հանցագործություն է: Այդպես դուք ոչ միայն ձեզ զրկում եք հանգստի վաստակած ժամից, այլեւ նվազեցնում եք աշխատանքային արդյունավետությունը: Քայլեք մինչեւ հարեւան սրճարանը, գործի դրեք օրգանիզմի արյան շրջանառությունը, ակտիվացրեք ավշի հոսքը: Նման ակտիվ ճաշի ընդմիջումը ձեզ նոր սխրանքի կոգեշնչի աշխատավայրի պատերի ներսում եւ կմեծացնի աշխատելու ոգեւորությունը:

5. Գործընկերների հետ մարզական միջոցառումներ կազմակերպեք

Աշխատանքից հետո արտագնա միջոցառման նախաձեռնող դարձեք, ուրբաթ երեկոյան գործընկերներին հրավիրեք բոուլինգ կամ բիլյարդ խաղալու: Նման ոչ պաշտոնական շփումը ոչ միայն ձեզ էներգիայով կլցնի, այլեւ հուզական առումով կմտերմացնի գործընկերների հետ` հարթելով աշխատանքային հարցերում թերըմբռնման որոշ սուր անկյուններ: Իմիջիայլոց, պարտադիր չէ ինչ-որ տեղ մեկնել:

Շատ ընկերություններ այժմ իրենց աշխատակիցների համար խաղային սենյակներ են կազմակերպում` սեղանի թենիսով եւ այլ մարզական պիտույքներով, որտեղ հնարավոր է այցելել նույնիսկ ճաշի ժամին: Նման սենյակի ստեղծող հանդիսացեք ձեր աշխատավայրում, ծախսերը շատ արագ կփոխհատուցվեն: Չէ որ առույգ, ճաշի ընդմիջման ընթացքում հանգստացած աշխատակիցն անհամեմատ ավելի արդյունավետ է աշխատում, քան 10 ժամ անընդմեջ աշխատող բեռնաձին: Աշխատակիցների հիվանդ օրերի քանակն էլ զգալիորեն կնվազի:

Աղբյուրը` Otvetnavse.com

27.09.16 | հասարակություն | քաղաքականություն