Անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն.ՀՀ Ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանությունը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերի ավտոճանապարհներին պարբերաբար անցկացնում է ստուգայցներ, որոնց ընթացքում հայտնաբերվում են ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ իրավախախտումներ և վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ինչպես վկայում են արձանագրված փաստերը՝ վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր:

 







Որոշ «հնարամիտ» վարորդներ հիշյալ սարքերի «աչքին չերևալու» նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների, որպեսզի համարները չերևան, սարքերը չարձանագրեն, իսկ իրենք էլ խուսափեն տուգանքներից: Միանգամից ասենք, որ նման մտայնության տեր վարորդները չարաչար սխալվում են: Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ այդօրինակ բոլոր փաստերը բացահայտվում, ելնում են ջրի երես, իսկ վարորդներն էլ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ» ՀՈԴՎԱԾ 123.5. -ի («ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ») համապատասխան կետերով՝ ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Վերջին շրջանում բացահայտվել են համարանիշները ձյունով, տերևով, լազերային սկավառակով, ստվարաթղթով, այցեքարտով, քարշակի պարանով փակելու կամ էլ պարզապես ցեխոտելու դեպքեր: Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ընդամենը երկու ժամում բացահայտվել է համանման մեկ տասնյակի հասնող դեպք:

Ստուգայցերը շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ, իսկ ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց:

 

 

 

 

 

 

 

25.02.17 | քաղաքականություն