Անազատության մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը կարող է մասնակցել նախընտրական քարոզարշավին

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախընտրական ցուցակներում ընդգրկված անձինք, ովքեր գտնվում են անազատության մեջ, կարող են մասնակցել նախընտրական քարոզարշավին իրենց վստահված անձանց միջոցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպման շրջանակում այս մասին տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Ոտքի Հայաստան» շարժման անդամ, «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանին, ով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով: «Նշված հարցով խնդիրը բարձրացվել է: Անդրիաս Ղուկասյանի վստահված անձանց պարզաբանվել է, որ ըստ նոր Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների՝ եթե թեկնածուն անազատության մեջ է, ապա իր քարոզչությունը իրականացնում է վստահված անձանց միջոցով, ովքեր հնարավորություն ունեն ամեն օր սահմանափակ ժամանակահատվածում՝ երկու ժամ, նրան այցելելու»,-տեղեկացրեց Տիգրան Մուկուչյանը: Անդրիաս Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսից: Նրան մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին։

 

 

 

28.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն