Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Հուլիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ . Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:

 

Առաքելությունն ավարտելու կապակցությամբ Մայր Աթոռ այցելած Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հետ ունեցած համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը` ներկայացնելով անցնող չորս տարիների ընթացքում Հայաստանի կյանքի տարբեր ոլորտներում իր կողմից ծավալված գործունեությունը:

Դեսպանը մասնավոր անդրադարձ կատարեց համընդհանուր արժեքների պահպանության ու ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵՄ պատվիրակության գործադրած ջանքերին` նշելով, որ դրանց է ուղղված նաև Հայոց Եկեղեցու առաքելությունը:

Այնուհետև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը Հայաստանին բերած ծառայության համար իր գնահատանքը հայտնեց պրն. Տրայան Հրիսթեային` գոհունակությամբ փաստելով ԵՄ կողմից երկրին ցուցաբերվող զորակցությունը: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր-բարոյական արժեքների զորացման կարևորությունը, որոնցով հնարավոր պիտի լինի հաղթահարել Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարություններն ու կերտել բարօր կյանք:

Վերջում Վեհափառ Հայրապետը հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթեց պրն. Տրայան Հրիսթեային:

Հանդիպմանը խոսվեց նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրի մասին:

 

 

24.07.15 | քաղաքականություն