Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարին

 






Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար, Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Կարեն Գրիգորյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ նման այցերի շնորհիվ Հայաստանի և Իրաքի միջև հարաբերություններն ու գործակցությունը սերտանում և առավել ամրապնդվում են: Հայոց Հայրապետը տեղեկացրեց նախարարին, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է նաև Իրաքի Քրիստոնեական Եկեղեցիների առաջնորդներին:

Իր հերթին տիար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբին շեշտեց, որ հայ ժողովուրդը բարեկամ ժողովուրդ է, և Հայաստան իր այցի նպատակն այդ բարեկամության առավել ամրապնդումն է:

 

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Իրաքի գյուղատնտեսության նախարարն անդրադարձ կատարեցին Իրաքում տիրող իրավիճակին և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին: Խոսվեց նաև Իրաքում քրիստոնեական համայնքների, այդ թվում նաև` հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին: Այս առնչությամբ նախարար Ալ-Լահիբին վստահեցրեց, որ իշխանություններն անհրաժեշտը պիտի անեն` զորակցելու բոլոր համայնքներին` վերականգնելու իրենց խաղաղ ու ապահով կյանքը: Խոսելով հայ համայնքի մասին` վերջինս տեղեկացրեց, որ հարյուր տարի առաջ Իրաքն իր դռները բացեց Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիների առջև, և այսօր համայնքը Իրաքի անբաժանելի մասն է կազմում և լիարժեքորեն մասնակցում է երկրի կառուցմանը:

Գարեգին Բ Կաթողիկոսը, իր գնահատանքը հայտնելով հայ համայնքի նկատմամբ դրսևորվող ջերմ վերաբերմունքի համար, մաղթեց, որ Իրաքը շուտափույթ հաղթահարի այս փորձությունները և Իրաքի բարեսեր ժողովուրդը վերստին ապրի խաղաղ և ստեղծագործ կյանքով:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Բարձրյալին` հաստատուն և անխախտ պահել հայ-իրաքյան դարավոր բարեկամությունը և արդյունավորել նախարար Ֆալահ Հասան Զեյդան Ալ-Լահիբիի գործունեությունն ու առաքելությունը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

28.09.17 | քաղաքականություն | քաղաքականություն