Ամբողջ երկիրը վերածվել է քրեակատարողական հիմնարկի, որտեղ մարդիկ նույնիսկ ապրելու իրավունք չունեն, ուր մնաց ստեղծագործեն. Ռուբեն Հախվերդյան (տեսանյութ)

 

«Ամբողջ երկիրը վերածվել է քրեակատարողական հիմնարկի, որտեղ մարդիկ նույնիսկ ապրելու իրավունք չունեն, ուր մնաց ստեղծագործեն»,- նկատում է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: 

 

Վերջինս, հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով անազատության մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանին ստեղծագործելու իրավունքից զրկելուն, նշեց, որ վաղուց բոլորի համար պարզ է, որ Հայաստանը դարձել է անարդարությունների երկիր, իսկ անազատության մեջ գտնվող գեղանկարչի նկատմամբ վերաբերմունքն այդ անարդարության չնչին դրսևորում է: 

 

«Մեր մարդիկ այստեղ ապրելու իրավունք չունեն, դրա համար էլ խոպան են գնում, ես դեռ չեմ խոսում գործազուրկների մասին, ուրեմն էլ ինչ ստեղծագործելու իրավունքի մասին է խոսքը»,- ասաց Ռ. Հախվերդյանը: 

Վերջինիս խոսքերով, եթե բանտում կարմիր բերետավորները կարողանում են դաժան ծեծի ենթարկել ազգային հերոսին՝ Միայնակ Գայլին (Արայիկ Խանդոյան), ապա մյուսների իրավունքները ևս կխախտվեն: 

 

Իր հերթին գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը նկատեց, որ «Սասնա ծռերի» դեպքում անձնական վրեժխնդրություն է տեղի ունենում, ուստի օրենքի որևէ տառ չի պահպանվել ու չի պահպանվելու:  

 

«Այն, ինչ տեղի է ունենում, շատ ցավալի է, բայց այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում այս երկրում: Բացի դա, նաև համոզված եմ, որ ոչինչ չի փոխվելու, քանի որ մենք անընդհատ խոսում են, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվում»,- նշեց նա: 

 

 

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

25.10.17 | քաղաքականություն | աստղերը